Ովքե՞ր են Հայաստանում ամենից շատ դիմում քթի պլաստիկ վիրահատության եւ ինչո՞ւ. պարզաբանում է մասնագետը

NEWS.am

Բնությունը ոմանց իդեալական արտաքին չի տվել, սակայն մարդիկ գտել են այդ «բացը» լրացնելու ձեւը: Ներկայում պլաստիկ վիրահատությունները կարող են շտկել մարմնի ցանկացած թերություն:
Հայտնի փաստ է. հայերն աշխարհում առանձնացնում են նաեւ արծվաքթով, եւ եթե որեւէ հայտնի մարդ արծվաքիթ ունի, ապա անմիջապես կատակում ենք` «Հաստատ հայ է»: Քթի պլաստիկ վիրահատությունները Հայաստանում, կարելի է ասել, «ծաղկում են ապրում»:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Գեւորգ Եղիազարյանն ասում է, որ հիմնականում պլաստիկ վիրահատություն են կատարում արծվաքիթը շտկելու համար:

«Դիմում են շնչառության հետ կապված խնդիրերի դեպքում, դրան զուգահեռ նաեւ որոշում են քթի ձեւը լավացնել: Մեր հայրենակիցներին առաջին հերթին դուր չի գալիս արծվաքիթը, երկրորդ տեղում է քթի ծայրի կախված լինելը շտկելու ցանկությունը»,- պարզաբանում է նա:

Բժիշկը նշում է, որ պլաստիկ վիրահատության ամենից հաճախ դիմում են կանայք:

«Տղամարդիկ շատ հազվադեպ են դիմում պլաստիկ վիրահատության, իսկ եթե դիմում են, ապա, առաջին հերթին, շնչառության հետ կապված լուրջ խնդիրների դեպքում: Կանանց մոտ սովորաբար առաջին տեղում քթի տեսքն է, հետո միայն գործառույթը: Ի դեպ, աղջիկներին քթի վիրահատություն թույլատրվում է անել 17 տարեկանից սկսած, իսկ տղաներին` 18: Այդ կապված է տղաների` մի փոքր ուշ տեղի ունեցող սեռահասունացման հետ»,- ասում է մասնագետը:
Խոսելով այն մարդկանց մասին, ովքեր առողջական որեւէ խնդիր չունեն, սակայն որոշել են դիմել վիրաբույժի օգնությանը, Գեւորգ Եղիազարյանն ասաց, որ երբ իրեն դիմում են նման մարդիկ, ինքը նախ փորձում է հետ կանգնեցնել նրանց այդ մտքից:

«Ինձ հաճախ սոցցանցերում խնդրում են նայել նկարներն ու ասել` պե՞տք է քթի պլաստիկ վիրահատություն անել, թե՞ ոչ: Բոլորին պատասխանում եմ միանման. այդ դուք պետք է որոշեք: Այդ որոշումը պետք է ակնթարթային կամ դեպրեսիայի արդյունքում ծնված չլինի:

Հիվանդը պետք է հստակ իմանա, թե ինչ է ուզում ստանալ եւ ինչ է հնարավոր, որ ստացվի վիրահատությունից հետո: Եթե այս երկուսը չեն համընկնում, ավելի լավ է վիրահատություն չկատարել: Նման դեպքերում օգնում է քթի նախնական` համակարգչային ձեւափոխումը, որն անվճար է արվում»,-ասաց Եղիազարյանը:

«Որքա՞ն հաճախ կարելի է քթի վիրահատություն կատարել» հարցին Գեւորգ Եղիազարյանը պատասխանեց, որ կրկնակի վիրահատություն կարելի է կատարել միայն առաջին վիրահատությունից մեկ տարի անց:

«Եթե նշված ժամանակից շուտ արվի վիրահատություն, կարող են բարդություններ առաջանալ»,- հավելեց նա:
 

STYLE NEWS.am