Հայերը վիրահատու՞մ են իրենց հետույքը

Slaq.am - информационный ресурс

Հայաստանում պլաստիկ վիրահատություններն արդեն վաղուց կրում են սովորական բնույթ: Այսօր իրենց «հայկական քթից» հեշտությամբ են հրաժարվում ոչ միայն իգական, այլ նաև արական սեռի ներկայացուցիչները: Պլաստիկ վիրահատությունների մասին Slaq.am-ի լրագրողը զրուցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Գևորգ Եղիազարիանի հետ:

-Հայաստանում ո՞ր տարիքային խմբի անձինք են դիմում քթի պլաստիկ վիրահատության հարցով:
-Մեզ դիմում են մեծ մասամբ 18-30 տարեկան կանայք:

 
-Լինու՞մ են դեպքեր, երբ մերժում եք քթի պլաստիկ վիրահատություն անելու նրանց ցանկությունը:
-Շատ են նման դեպքերը: Ոչ թե կարիք չկա, այլ երբ տեսնում եմ, որ այն, ինչ հիվանդն առաջարկում է, հնարավոր չէ ստանալ, միանշանակ մերժում եմ:

-Այսօր շատերը դիտում են այս կամ այն հայտնի անձի լուսանկարն ու ցանկանում նրան նմանվել: Ավելի հաճախ ո՞ր աստղին նմանվելու հարցով են Ձեզ դիմում:
-Կարող եմ ասել, որ այժմ հակառակն է. ոչ թե ուզում են ինչ-որ անձի նմանվել, այլ ցանկանում են ստանալ մաքսիմալ բնական տեսք և բացարձակապես չեն ընկնում նորաձևության հետևից:

-Բացի քթի վիրահատությունից, պլաստիկ վիրաբուժության ո՞ր տեսակն է առավել տարածված:
-Ամենատարածվածը քթի պլաստիկ վիրահատությունն է: Այն կազմում է բոլոր պլաստիկ վիրահատությունների 90 տոկոսը, իսկ մնացած 10 տոկոսը բաժին է ընկնում պլաստիկ վիրահատությունների մյուս տեսակներին. օրինակ՝ կրծքի, հետույքի և այլն:

-Արդյո՞ք պլաստիկ վիրահատության դեպքում գործում է սեզոնայնության սկզբունքը:
-Ոչ, նման բան բացարձակապես գոյություն չունի: Վիրահատությունից հետո գոնե մեկ շաբաթ հիվանդը պետք է մնա տանը, իսկ տանը կայուն ջերմաստիճան է լինում, այդ պատճառով էլ եղանակը որևէ նշանակություն չունի: Հիվանդներ ունեմ, ովքեր վիրահատվելու են գալիս Սիբիրից, վիրահատությունից հետո կրկին վերադառնում են այնտեղ, որտեղ -30 աստիճան է, ինձ զանգում ու ասում են, որ որևէ խնդիր չունեն:

-Պլաստիկ վիրահատության ի՞նչ գնային քաղաքականություն է գործում Ձեր պարագայում:
-Քթի վիրահատությունն արժե 550 հազար դրամ, կրծքինն ավելի թանկ է, քանի որ վիրահատության արժեքին միանում է իմպլանտների արժեքը և ընդհանուր կազմում է շուրջ 2500-3000 դոլար, շուրթերի ձևափոխումը կամ մեծացումը, որոնք ես անում եմ ոչ վիրահատական տարբերակով՝ սրսկումների միջոցով, տատանվում է 100-150 հազար դրամի սահմաններում:

-Արդյո՞ք Ձեզ դիմում են հետույքի պլաստիկ վիրահատության հարցով:
-Ոչ: Դա հիմնականում շատ տարածված է ծովային երկրներում, իսկ Հայաստանում նման խնդրով ինձ չեն դիմել:

-Որպես տղամարդ որքանո՞վ ճիշտ եք համարում պլաստիկ վիրահատությունները:
-Ճիշտ եմ համարում, որովհետև ճիշտ արված պլաստիկ վիրահատությունը բացարձակ չպետք է նկատվի: Եթե այն չի նկատվում, այդ դեպքում՝ ինչու՞ ոչ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր պարզապես նորաձևության զոհն են դառնում և գնում պլաստիկ վիրահատության:
-Նման մարդկանց ոչինչ չեմ կարող խորհուրդ տալ այն առումով, որ նրանք պետք է ճիշտ մասնագետի այցելեն և նա փորձի իրենց բացատրել, որ դա պետք չէ: Ցանկացած ինձ այցելող մարդու ես առաջին հերթին բացատրում ու համոզում եմ, որ չդիմի վիրահատության: Եթե մարդ կոնկրետ որոշել է վիրահատել ու կոնկրետ հասկանում է, թե ինչ պետք է փոխվի իր արտաքինի մեջ, այդ ժամանակ նոր միայն վիրահատում եմ:

Սաթինե Թադևոսյան, Slaq.am – Լրատվական աղբյուր