Կլինիկա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն”

“Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկը:

Բժշկական կենտրոնը կառուցվել է 1977 թ-ին, որի հիմնադիրն էր ակադեմիկոս Սուրեն Քրիստոֆորի Ավդալբեկյանը: Հիվանդանոցի սկզբնական անվանումն է Քաղաքային շտապ օգնության թիվ 2-րդ հիվանդանոց. նախատեսված էր 350 մահճակալի համար:

Բացի շտապ օգնության ամբիոնից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի բազայի վրա գործում են նաև ԱԱԻ-ի 10 ամբիոններ, ինչպես նաև Մխիթար Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի թերապիայի և մանկական նյարդաբանության ամբիոնները: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է աշխատում 1500 բուժաշխատող, այդ թվում Հայաստանի անվանի բժիշկները՝ 2 ակադեմիկոս, 8 գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, 31 գիտությունների թեկնածուներ, Հանրապետության Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի 6 գլխավոր մասնագետներ և 7 մեդալակիրներ (Մխիթար Հերացու և Անդրանիկ Օզանյանի անվ. շքանշաններով, իսկ հիվանդանոցի տնօրենը պարգևատրվել է Նանսենի, Մխիթար Հերացու և Անդրանիկ Օզանյանի անվան շքանշաններով, ինճպես նաև Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ կարգի շքանշանով):

“Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ն աչքի է ընկնում նաև իր գիտական աշխատանքներով: ԲԿ-ում կազմակերպվում են ամենամյա գիտապրակտիկ գիտաժողովներ “Դեպք պրակտիկայից”, որոնց նյութերը ամփոփվում են հավաքածուի տեսքով: Ժողովածուում տեղ են գտնում ոչ միայն մեր կենտրոնի բժիշկների աշխատանքները, այլ նաև գիտական նյութեր ամբողջ հանրապետությունից:

Բժշկական կենտրոնը դիտվում է ԱՀԿ-ի շրջանակներում արտակարգ իրավիճակներին և աղետներին արագ արձագանքելու հանրապետական նշանակության բազա և այդ շրջանակներում իրականացվում է հիվանդանոցի կառուցվածքային և ոչկառուցվածքային բաղադրիչների ամրացման, պահպանման աշխատանքներ` հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:

Բժշկական կենտրոնի շտապ օգնության և վերակենդանացման, վիրաբուժական, պրոկտոլոգիայի և թերապիայի բաժանմունքներն արժանացել են Համաշխարհային առողջապահության համակարգի ընդունված՝ բժշկական հաստատությունների և բուժքույրական անձնակազմի միջազգային որակավորման Մագնետ աստիճանին։

2004 թվականից Հայաստանի առողջապահության համակարգում օպտիմիզացիայի շրջանակներում հիվանդանոցի կառուցվածքի մեջ ներգրավվեց թիվ 4 կլինիկական ծննդատունը, թիվ 14 մեծահասակների պոլիկլինիկան, թիվ 5 մանկական պոլիկլինիկան և թիվ 2 մանկական նյարդաբանական կենտրոնը :

Այսօրվա դրությամբ բժշկական կենտրոնն ունի 18 բաժանմունք, 525 մահճակալ: Այն հագեցված է բոլոր ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսա-ռեզոնանսային սարքավորում, ախտորոշման բոլոր անհրաժեշտ բուժ. սարքավորումներով և պարագաներով: