Կանոններ և խորհուրդներ քթի պլաստիկայից առաջ և հետո

Կանոններ և խորհուրդներ քթի պլաստիկայից առաջ և հետո

Մինչև վիրահատությունը՝

  • Վիրահատությանը նախորդող օրվա երեկոյան ժամը 20:00-ից հետո ոչինչ չուտել:
  • Վիրահատության օրը առավոտից բացարձակ ոչինչ չուտել և չխմել:
  • Վիրահատությունից առաջ չընդունել ասպիրին և նրան համարժեք ուրիշ դեղորայք:
  • Վիրահատության գնալուց առաջ կոսմետիկա մի օգտագործեք, մաքրեք եղունգների վրայի լաքը:
  • Բոլոր զարդերը և թանկարժեք իրերը թողեք տանը:
  • Նախապատրաստեք այնպիսի հագուստ, որը անհրաժեշտ չլինի հանել կամ հագնել "գլխի վրայով", որպեսզի պատահաբար չվնասեք վիրահատած քիթը:
  • Չծխեք վիրահատությունից 3 օր առաջ մինչև վիրահատության հաջորդող 1 ամսվա ընթացքում՝ ծխելը դանդաղեցնում է լավացման գործընթացները և պահպանում այտուցվածությունը:
  • Աղջիկների համար՝լավ կլինի, որպեսզի անալիզների հանձնման և վիրահատության օրը ընտրվի անմիջապես մենստրուացիայի վերջանալուց հետո:

 

Վիրահատությունից հետո

  • հիվանդասենյակում, կոպերի վրա դրվում է սառույց, ինչն ամեն 20-30 րոպեն մեկ փոխվելու է նորով, որպեսզի առավելագույնս նվազեցվի կապտուկների և այտուցների գոյացումը (ընդամենը 5 անգամ):
  • Վիրահատությունից հետո պացիենտը մնում է կլինիկայում 1 օր:

 

Սնունդ և օրակարգ

  • Խմել կարելի է ոչ ավելի շուտ, քան վիրահատությունից մեկ ժամ հետո, այն էլ սկզբից քիչ-քիչ՝ փոքրիկ ումպերով:
  • Միայն վիրահատությունից 3–4 ժամ հետո կարելի է ընդունել թեթև, փափուկ և գոլից էլ սառը կերակուր:
  • Վիրահատությանը հաջորդող շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է խուսափել տաք հեղուկներից և ճաշատեսակներից:
  • Անհրաժեշտ է խմել շատ հեղուկ: Օրվա ընթացքում ընդունած հեղուկի քանակը պետք է կազմի 2 լիտր:
  • Անկողնային ռեժիմը պահվում է միայն վիրահատությանը օրը: Հաջորդ օրն այն դադարեցվում է:
  • Վիրահատությանը հաջորդող ամենաքիչը՝ 3 շաբաթվա ընթացքում, քնել կարելի է միայն մեջքի վրա պառկած: Գլխի բարձր դիրքը թույլ կտա փոքրացնել դեմքի ուռածության և այտուցների հավանականությունը:

 

Նշանակումներ

  • Սալիվին, սփրեյ: 2 փչում ամեն քթանցքի մեջ, օրական 5-7 անգամ, 2 շաբաթ
  • Վիբրոցիլ, կաթիլներ: 3 կաթիլից ամեն քթանցքի մեջ, օրական 3 անգամ, 1 շաբաթ
  • Զիննատ, 250 մգ: Մեկ կոճակից օրը 2 անգամ, 5 օր:
  • Ֆլյուկոնազոլ, 150 մգ: Խմել մեկական պարկուճ` հակաբիոտիկների ընդունման առաջին և վերջին օրերին:
  • Լիոտոն 1000: Քսել գելը բարակ շերտով կոպերի շրջանում' առավոտյան և երեկոյան:
  • Քթի նախաշեմը անհրաժեշտ է օրական 1 անգամ մաքրել 3 տոկոսանոց ջրածնի պերոքսիդով թրջած ականջ մաքրելու փայտիկով:

 

Հիգիենա և դիմահարդարում

  • Ոչ շատ տաք ջրով հնարավոր է ընդունել արագ ցնցուղ արդեն վիրահատության երկրորդ օրը, սակայն քթի վրայի վիրակապը պետք է չոր մնա:
  • Գլուխը կարելի է լվանալ վիրահատությունից հետո 3-րդ օրը, գլուխը ետ գցելով՝ ինչպես վարսավիրանոցում:
  • Շպար կարելի է օգտագործել վիրահատությունից 10 օր հետո:
  • Կոսմետիկ պրոցեդուրաներ (պիլինգ, ֆոտոերիտասարդացում և այլն) կարելի է անց կացնել վիրահատությունից ամենաքիչը 3 ամիս անց:

 

Նախազգուշացումներ և սահմանափակումներ՝

  • Վիրահատությունից հետո զերծ պահեք Ձեր քիթը ամենատարբեր տրավմաներից:
  • Վիրահատությանը հաջորդող մի քանի օրվա ընթացքումխուսափեք տեսողությունը լարելուց՝ շատ կարդալ, հեռուստացույց նայել, աշխատել համակարգչի վրա:
  • Խուսափեք չափից շատ ակտիվությունից, բեռնվածությունից և մարմնի կռացումներից, քանզի դրանք բերում են այտուցների ավելացմանը, հատկապես վիրահատությանը հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում:
  • Սպորտով զբաղվելը կամ ակտիվ ֆիզիկական բեռնվածությունը կարելի է վերսկսել վիրահատությունից միայն 1–2 ամիս հետո:
  • Բացառեք տաք լոգանքները, բաղնիքները, շոգեբաղնիքները, շոգ կլիմայով երկրներ այցելությունները` մոտ 2 ամսվա ընթացքում:
  • Կատեգորիկ արգելվում է ալկոհոլի ընդունումը (1 ամիս) – այն խոչընդոտում է ապաքինմանը և առաջացնում է շատ ուժեղ այտուցներ:
  • Վիրահատությունից հետո ընկած 6 ամսվա ընթացքում արգելվում է կրել ակնոցներ:
  • Վիրահատությունից հետո մոտ 6 ամսվա ընթացքում կանանց խորհուրդ չի տրվում հղիանալ: Դա կապված է այն բանի հետ, որ հղիության ընթացքում օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ սպիացման գործընթացի վրա:

 

Կարևոր է՝

  • Հիշեք, որ ռինոպլաստիկան ամենաբարդ պլաստիկ վիրահատություններից մեկն է: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է բացառիկ պատասխանատվությամբ վերաբերվել այս կանոններին և խորհուրդներին՝ ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ հետվիրահատական շրջանում:
  • Մի' զբաղվեք ինքնաբուժմամբ և մի' լսեք Ձեր բարեկամների, ընկերների կամ ուղղակի ծանոթների խորհուրդները:
  • Ցանկացած գործողություն անհրաժեշտ է համաձայնեցնել Ձեզ վիրահատող բժշկի հետ: