Պատմվածք քթի մասին

Բարև բոլորին:

Քանի որ ես վերջնականապես հոգնել եմ հատ հատ պատասխանել իմ բոլոր ընկերների և ծանոթների միևնույն՝ “Ինչպե՞ս անցավ վիրահատությունդ” հարցին, որոշեցի բոլորին միանգամից, կետ առ կետ պատմել իմ վիրահատական և հետվիրահատական շրջանի մասին:

Սկզբից ասեմ, որ այն թե ինչպես է անցել իմ վիրահատության բուն ընթացքը, ես այնքան էլ հստակ չեմ հիշում, քանի որ ամենահետքրքիր պահին՝ երբ սկսեցին կտրատել իմ քիթը, ես պատահաբար քնեցի և ինչպես միշտ բաց թողեցի ամենաթեժ պահերը…

Իսկ եթե ավելի լուրջ՝ ասեմ, որ անզգայացումը, բավականին ծիծաղելի երևույթ է (արդեն պատկերացնում եմ մորուքավոր և ակնոցավոր լուրջ բժիշկների բորբոքված հայացքները, ովքեր բարկացած ձայնով ինձ կասեն՝ “բալիկ ջան, անզգայացման հետ կատակ չեն անի”):

Քանի որ բժշկի առումով իմ բախտը խիստ բերել էր, ով ինձ գունագեղ ու մանրամասն, բայց զգուշորեն, նախօրոք պատմել էր վիրահատության ամբողջ ընթացքի մասին, ինձ մնում էր միայն անհագ հետաքրքրությամբ և անհամբերությամբ սպասել վիրահատությանս օրվան:

Երկար սպասված ուրբաթը եկավ: Տրամադրությունս այնպիսին է, կարծես զբոսնելու եմ գնալու: Առավոտյան ժամը 10:00-ին արդեն հիվանդանոցում եմ, նույն հիասքանչ տրամադրությունով, մի ինչ-որ ուրախ երգ քթիս տակ մրմնջալով: Ինքս իմ ոտքով մտա վիրահատարան՝ որքան հնարավոր է հարմարավետ տեղավորվեցի վիրահատական սեղանի վրա, սպասելով կարծես թե, որ մի հետաքրքիր ֆիլմ են ցուցադրելու: Շատ բարի անեսթեզիոլոգ-քեռին իմ ձեռքին ինչ-որ սարքավորումներ միացրեց, ինչը հետո անվանում էին կաթիլային, և մեկ էլ հանկարծ, այդ սարքավորումները սկսեցին աշխատել… տրամադրությունս էլ ավելի լավացավ, մի սև հումոր է եկել վրաս՝ Քեռի Նարկոզովիչը ինձ սատարում էր, միասին ծաղրում ենք իմ քիթը՝ մի ուրիշ ձևի, գլուխս սկսում է պտտվել, փորձում եմ մի կետից մյուսն անցնել հայացքով՝ կադրը ուշանում է… վերջ՝ լիարժեք անջատվածություն: Ինձնից այնքան աղմուկ էր գալիս, որ Քեռի Նարկոզովիչը դեռ երբեք այդքան չեր գնահատել լռության րոպեները: Ինձ կարծես թե վարդակից անջատեցին, ավելի շուտ էլեկտրամատակարարման վահանակից, իսկ ավելի ճիշտ՝ ատոմակայանից:

Դեռ նոր էի աչքերս բացել, երբ հասկացա, որ ինչ-որ մեկն ինձ հրում է վիրահատական սեղանից հիվանդասենյակի մահճակալի վրա: Այ այս շրջանը ես այնքան էլ լավ չեմ հիշում, որովհետև անկախ ինձանից քնում – արթնանում էի, և ամեն անգամ երբ բաց էի անում աչքերս՝ հիվանդասենյակում մի նոր խումբ էր կանգնած՝ իր ձևի մեջ մի ինչ-որ աջակցության խումբ, ինչը, եթե անկեղծ ասեմ, մի փոքր նյարդայնացնում էր, որովհետև նրանք ինձ վրա էին նայում այնպիսի հայացքով, կարծես թե ամենաքիչը ոտքս են ամպուտացիայի ենթարկել, երիկամներս փոխպատվաստել, ամբողջ մարմնիս վրա պլաստիկ վիրահատություններ են կատարել ու մաշկիս գույնը հիմնովին փոխել: Մեկ էլ նյարդայնացնում էր այն, որ ամեն անգամ, երբ ես արթնանում էի, ես չէի կարողանում աչքերս բացել, որովհետև նրանց վրա դրված էին ինչ-որ անհասկանալի, հաստ նրբերշիկների նման սառը բաներ, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, նրա համար էին, որ աչքերս չուռեն: Անհանգստացնում էր միայն կոկորդումս եղած տհաճ ցավը՝ կարծես անգինայի ժամանակ: Հա, մեկ էլ սարսափելի սոված էի, որովհետև նախորդ երեկոյից ոչինչ չէր կարելի ուտել, իսկ վիրահատությունից հետո, խեղճ ծնոտս ի վիճակի չէր որևե բան ծամելու: Այդ պատճառով էլ ինձ լցոնում էին՝ յոգուրտի նման, ինչ-որ հիմար մթերքներով (տանել չեմ կարողանում յոգուրտներ և փիլիսոփայության ուսուցիչներին):

Մյուս օրը ինձ պետք է դուրս գրեին, սակայն դրանից առաջ ինձ սպասում էր ամենասարսափելին՝ ՎԻՐԱԽԾՈւԾՆԵՐԻ ՀԵՌԱՑՈւՄԸ: Եվ չնայած նրան, որ բժիշկս խոսք էր տվել, որ չի ցավի, ես ամեն դեպքում մտա վիրակապարան՝ էլեկտրական աթոռին կամովին նստողի ինքնազգացողությամբ: Չգիտեմ և չեմ հիշում թե ինչ և ինչպես նա ինձ ասեց, բայց հիշում եմ, որ մեկ-երկու՝ առաջին վիրախծուծը չկա, մեկ-երկու՝ երկրորդը նույնպես, քթիս մեջ քոր է գալիս, ոչինչ չի ցավում… նույնիսկ վիրավորական է: Ախր ես իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում, ֆիզիկապես և հոգեպես պատրաստվել էի այս պահին, իսկ ինձ նույնիսկ թույլ չտվեցին, որ մի կարգին տանջվեմ:

Եվ այսպես, ես արդեն տանն եմ: Աչքերս համարյա չեն երևում, քթիս տակ արյունից կարմրած վիրակապ է, դեմքս ուռած, մի խոսքով կարծես անորակ սարսափ-ֆիլմի պերսոնաժ լինեմ:

Անցավ մի քանի օր: Իմ, արդեն սիրած բժիշկը, կարողացել էր ամբողջ վիրահատությունն այնպես անել մանրակրկիտ և զգույշ անել, որ ցավեր բոլորովին չունեցա: Եվ այսպես՝ թավալ եմ տալիս անկողնում, ինձ չի կարելի ոչ-մի ծանր բան անել, ոչ մի տեղս չի ցավում, մի խոսքով ընդհանրապես անելու բան չկա… եվ ի՞նչ է մնում անել: Դե իհարկե, հաելու մեջ նայել ու ծիծաղից մեռնել: Դա տեսնել էր պետք՝ այնպիսի տպավորություն էր, որ մայրս ուզբեկի և մոնղոլի խառնուրդ է, իսկ հայրս՝ ընդհանրապես կարմրամորթների առաջնորդը:

Դե իհարկե լիարժեք երջանկությանս չէր հերիքում գրիպի վիրուսը: Ես սկսեցի փռշտալ և հազալ, իսկ փռշտալ ընդհանրապես չեր կարելի… Ինչ-որ մեկը այդ ժամանակ ասաց, որ եթե լեզուդ կծես՝ չես փռշտա (ես երևի սրտիս շատ մոտ ընդունեցի այդ մեթոդը, որի պատճառով ոչ թե կծում էի այլ կծոտելով պոկում լեզուս), իսկ բժիշկս ասաց, որ ուղղակի պետք է քթարմատը սեղմել՝ որ չփռշտաս: Իհարեկ, շատ վստահելով բժշկիս, բայց չմոռանալով լեզուս կծելու արդեն սովորությունը, մի շատ ծիծաղելի պատկեր ստացվեց: Պատկերացրեք՝ նախափռշտային դեմք (նոր խոսք հայերեն լեզվում), մինչև գլխուղեղը սեղմած քթարմատով և արյունոտելու աստիճան կծոտած լեզվով: Ափսոս, որ բժիշկս այդ պահին ինձ չի տեսել՝ նրան այդ պատկերը հաստատ դուր կգար:

Անցավ մեկ շաբաթ, և նորից ուրբաթ օր է՝ ես գնում եմ վիրակապության: Բոլորովին անցավ մի գործընթաց: Նույնիսկ հակառակը, ես շատ ուրախ էի, որովհետև կհանեն այդ՝ մանկական անսպասելիության գույնի թերմոպլաստմասսան (վիրահատությունը միանշանակ հարստացրել է իմ բառապաշարը), և տեղը կդնեն թերմոպլաստմասսա, բայց… ուշադրություն… տուշ… սուպերոճամոդայահոյակապ մանուշակագույն: Դե գտեք ինձ ևս մի որևե պլաստիկ վիրաբույժ, ով մտածում է իր հիվանդների քթի գույնի մասին:

Երկրորդ շաբաթն անցավ ավելի արագ, որովհետև այտուցներն համարյա իջել էին: Ինձ վերադառնում էր մարդկային կերպարը և ես երբեմն դուրս էի գալիս տնից, իսկ անցորդների հայացքների մասին կարելի է մի երեք գիրք գրել: Սկզբից ասեմ, որ քթիս վրայի մանուշակագույն վիրակապի պատճառով, զգեստապահարանումս հայտնվեցին մանուշակագույն վզնոցներ, ժակետներ և այլ նմանատիպ բաներ: Նույնիսկ մի կին, իմ մանուշակագույն բաճկոնի և վիրակապի համակցությունը լավ ուսումնասիրելուց հետո, չհամբերեց ու հարցրեց՝. “…ամեն գույնի բաճկոնի հետ նույն գույնի վիրակա՞պ ես կապում”:

Ինձ զանգահարում էին տարիքով կանայք, ովքեր իմ տարիքում քթի վիրահատություն էին տարել (դե դա մոտավորապես մեր թվարկությունից առաջ 349 թվականին էր, երբ պլաստիկ վիրահատություն իրականացնելու համար, մարդու քիթը կենդանի կենդանի կոտրում էին լանգետի համար նախատեսած մուրճով), և մխիթարում էին ինձ, ասելով, որ գիտեն, թե դա ինչ սարսափելի և անտանելի ցավ է, որ իրենք էլ են այդ ամենը զգացել և գիտեն թե ինչ դժոխային է վիրախծուծների հեռացման գործընթացը (չգիտես ինչու չէին հավատում, երբ ասում էի, որ ոչ մի տեղս չի ցավացել ու չի էլ ցավում), և վերջում հույս էին տալիս, որ մի 2 ամսից, ցավերը բավականին կմեղմանան: Ես անհարմար էի զգում, որովհետև գաղաբար չունեի, թե ինչի մասին են խոսում, բայց քաղաքավարությունից ելնելով, համաձայնում էի նրանց, իմ քթին կպցրած երևակայական ցավերի հետ:

Նորից եկավ իմ սիրած ուրբաթը: Ամեն ուրբաթ բժշկի գնալը ինձ մոտ արարողակարգ էր դառել՝ բնության կանչ: Դե մինչև ուրբաթ, ես քթիս հետ ունեցա փոքր տեխնիկական դժվարություններ, օրինակ՝ իմ որբաթօրյա արարողակարգից 2 ժամ առաջ ես արթնացա և տեսա, որ քթիս մանուշակագույն փոքրիկ գիպսը, զգուշորեն նստել է բարձիս վրա և ինչը ամենածիծաղելին է՝ ես մտածեցի, որ քիթս է պոկվել:

Երկար չմտածելով, ես կպցրեցի այն տեղը, և գնացի բժշկի: Քանի որ իմ շատ սիրելի բժիշկը, ամենայն հավանականության կարդում է այս պատմությունը, չեմ հիշատակի այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որոնք տեղի են ունեցել այդ ընթացքում, որովհետև դրանից հետո նա լիիրավ իրավունք կունենա ինձ կախաղան հանելու և բոլորին ասելու որ ամեն ինչ այսպես էլ եղել է:

Դե, վերջին շաբաթը համարյա ակնթարթորեն անցավ՝ քթիս վրայի մի փոքրիկ վիրակապով: Իսկ արդյունքում… նոր, գեղեցիկ քիթ, ծանոթություն լավագույն պլաստիկ վիրաբույժ Գևորգ Յուրյեվիչ Եղիազարյանի հետ, ում հետ նաև հաճելի ու ուրախ է շփվելը, և իհարկե 3 շատ ծիծաղաշարժ շաբաթներ:

PS.

Եթե ձեզանից որևե մեկը, երբևե որոշի պլաստիկ վիրահատվել, ապա խիզախորեն և համոզված գնացեք իմ բժշկի՝ Գևորգ Յուրյեվիչ Եղիազարյանի մոտ և հոյակապ արդյունքն ու բոնուսային մի քանի ուրախ շաբաթները ես երաշխավորում եմ: Հակառակ դեպքում՝ ես Ձեզ կվերադարձնեմ Ձեր հին քիթը: